Կառավարությունը հերթական անգամ բյուջեից գումար հատկացրեց պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների համար: Կառավարության այսօրվա նիստում որոշվել է, որ 50 միլիոն դրամ վերստին պետք է տրվի այս «առաքելությունը» պատվով իրականացնելու համար: Ավելին, նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարել է, որ ֆինանսական ծախսերն առաջին եռամսյակում չեն բավականացրել` չմանրամասնելով, թե ինչու է լրացուցիչ գումարի անհրաժեշտություն առաջացել:
Կառավարությունը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, բնականաբար, չմերժեց ֆինանսների նախարարի առաջարկը:
Միայն թե հարց է առաջանում` գործուղումների համար պետբյուջեից գնացող այդքան միջոցների արդյունքներն ինչու տեսանելի չեն: Պետության հաշվին աշխարհ ման եկող պաշտոնյաների իրականացրած արտաքին քաղաքականությունը, համաձայնությունները, մեղմ ասած, անպտուղ են: ՈՒրեմն, բյուջեից այդքան գումար դուրս գրելով, ո՞ւմ քիմքին ենք հագուրդ տալիս, ի՞նչ հարցեր են լուծվում այդ ծավալի վնաս հասցնելով պետական գանձանակին:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ